Թեսթ 20

 

Վախթանգ Անանյան

Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։ Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։ Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։ Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։ Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայռերի արանքներից։ Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։ Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․ Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

մեն-ա-տնտես

միայնակ տնտեսություն վարող

2. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:

անարատ-մաքուր

ճյուղ-շիվ

ջանք-եռանդ

3. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ-ավտոտնակ

բ/դաչա-ամառանոց

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

4. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

5. Քանդիր հետևյալ բառերը և գրիր՝ կազմությամբ ինչպիսի բառեր են.

__թփուտ_թփ/թուփ/+ուտ—ածանցավոր

հյուրընկալ-հյուր-ընկալ/ընկալել/-բարդ

ընկուզենի-ընկուզ/ ընկույզ/-ենի-ածանցավոր

դեղնասաղարթ-դեղն/դեղին/-ա-սաղարթ-բարդ

քարակոփ-քար-ա-կոփ/կոփել/-բարդ

հողագործ-հող-ա-գործ-բարդ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական ածանցավոր և բարդ բառ

կիսաայրված /բարդ / ,հողակտոր /բարդ /

տարածություն /ածանցավոր/ ,փոքրիկ  /ածանցավոր/

7. Տեքստի ընդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:

աչք, ականջ—գոյական

խավար, խորհրդավոր—ածական

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:

հետքերը-ենթակա

երևում էին-ստորոգյալ

9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ բացականչական նախադասություն:

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․

10. Կետադրիր տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բ/վայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։ Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա. ցցեր

բ. բահ

գ. ածուխ

դ. սալաքար

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

<<Մեր անբախտ պապերը>>

Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան