Էկոլոգիա

Հանքարդյունաբերությունը Հայաստանում երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը

Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուներն ամփոփում են նախորդ տարին։ Եվ ինչպես հատուկ է մեր պաշտոնյաներին, ասուլիսների ու ելույթների ժամանակ խոսվում է միայն դրական զարգացումների մասին։ Շեշտվում են տարեկան շուրջ 7 % տնտեսական աճը, արդյունաբերության և արտահանման գրեթե երկնիշ աճերը և այլն։ Սակայն, տնտեսության մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես և ինչի հաշվին են գոյանում այդ աճերը։ Տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրական միտումներին զուգահեռ կան նաև բազմաթիվ բացասական միտումներ ու մեսիջներ։ Բացասական այդ միտումներից մեկն այն է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը մոտ երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը։

2019թ. առաջին 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.3 %-ով աճել է։ 

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ), կազմել է մոտ 323.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23.9 %-ով։

Հանքարդյունաբերության ոլորտի ծավալը հիմնականում ապահովում է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվել է։ Վերականգնվում է պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Եվ հենց Թեղուտի գործոնով է պայմանավորված հանքարդյունաբերության նախորդ տարվա աճը։ Ընդ որում՝ նկատելի է, որ ոլորտի աճը նոր թափ է հավաքել երրորդ եռամսյակից սկսած։ Առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել 4.5 %-ով, բայց երկրորդ եռամսյակից այն սկսել է աճել, ու կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.8 %: Երրորդ եռամսյակում, ինչպես երևում է, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները էականորեն ավելացել են, ինչի արդյունքում ինն ամիսների կտրվածքով հանքարդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդեն 19.5 %-ով է աճել։ 

  • Հանքարդյունաբերությունը նոր թափ է հավաքել

Վիճկոմիտեի այլ տվյալներից հստակ երևում է պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալների աճը։ Մասնավորապես, պղնձի ծավալները հունվար-նոյեմբերին կազմել են 361.7 հազար տոննա, որը 24 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները կազմել են 13 հազար տոննա՝ աճելով 27.8 %-ով։

  • «Թեղուտ» ՓԲԸ-ի պարզաբանումը հանքավայրի վերագործարկման և պատվարի կայունության վերաբերյալ

Այսպիսով, Թեղուտի հանքի վերագործարկմամբ պայմանավորված՝ հանքարդյունաբերության աճը նախորդ տարի զգալի է դարձել։ Թեև տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփովել, սակայն հաշվի առնելով նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալները՝ կարելի է ենթադրել, որ տարեկան աճը 25 %-ին մոտ կլինի։ Այս աճն էլ իր հերթին էականորեն ազդելու է ընդհանուր արդյունաբերության աճի վրա։

Մշակող արդյունաբերությունն աճել է 8.2 %-ով

Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերությունն ավելի դանդաղ է աճում։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 281 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 %-ով։

Իհարկե, գրանցված աճը փոքր չէ, սակայն ինչպես նախկինում ևս գրել ենք, հանքարդյունաբերության առաջանցիկ աճը բոլորովին չի համապատասխանում իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխության գաղափարներին։ Նախատեսված է արդյունաբերության ոլորտում հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ ավելացնել մշակող արդյունաբերության կշիռը։ Նախորդ տարի մշակող արդյունաբերության կշիռն իսկապես նվազել է։ Սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ, այլ՝ էլեկտրաէներգայի և ջրամատակարարման ծավալների նվազման ու դրանց կշռի փոքրացման հետևանքով, որին հոդվածի վերջին հատվածում կանդրադառնանք։

Մշակող արդյունաբերության աճը մեծ մասամբ պայմանավորված է այս ոլորտում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների ծավալների ավելացմամբ՝ սննդի, խմիչքի ու ծխախոտի։

Մասնավորապես, սննդի արտադրության ծավալները 11 ամիսներին կազմել են 456.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 4.7 %-ով։

Խմիչքի արտադրությունը կազմել է 166.7 մլրդ դրամ՝ աճելով 11.4 %-ով։

Եվ մյուս խոշոր ապրանքախումբը ծխախոտն է, որի արտադրության ծավալները կազմել են 175.5 մլրդ դրամ՝ աճելով 9.7 %-ով։

Որոշակի տեսանելի ակտիվության կա հագուստի արտադրության ոլորտում։ Հագուստի արտադրության ծավալները կազմել են 24 մլրդ դրամ՝ աճելով 19.6 %-ով։

Տարին անկումային էր հիմնային մետաղների արտադրության համար։ Արտադրության ծավալները 2019-ի առաջին 11 ամիսներին կազմել են 154.5 մլրդ դրամ՝ նվազելով 4.4 %-ով։ Սա մտահոգիչ է հատկապես այն առումով, որ հիմնային մետաղների արտադրությունը Հայաստանում էական կշիռ (12.1%) ունի մշակող արդյունաբերության ոլորտում:

Արդյունաբերության ոլորտի մյուս խոշոր խմբում ՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում ևս որոշակի անկում կա։ Այստեղ պետք է հիմնականում հասկանալ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը։ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ընդհանուր ծավալը կազմել է 228.2 մլրդ դրամ՝ նվազելով 0.9 %-ով։ Եվ, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն և բաշխումը կազմել են 193.9 մլրդ դրամ՝ նվազելով 3.3 %-ով։

Մյուս ենթաոլորտը ջրամատարակարարումն է, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը։ Ծավալները կազմել են 23.2 մլրդ դրամ՝ նվազելով 2.1 %-ով։

Մշակող արդյունաբերության կշիռն աճել է ի հաշիվ ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման

Մշակող արդյունաբերության կշիռը Հայաստանի ամբողջ արդյունաբերության կազմում 2019 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով 69 % է։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (66 %) մշակող արդյունաբերության կշիռն աճել է 3 տոկոսային կետով։

Ինչպես ցույց են տալիս Վիճկոմիտեի տվյալները, դա տեղի է ունեցել ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման հաշվին, քանի որ ծավալների կրճատմանը զուգահեռ նվազել է նաև այդ ոլորտների տեսակարար կշիռը ամբողջ արդյունաբերության մեջ։ Ասվածն ավելի պարզ ներկայացված է ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում, որտեղից երևում է, թե ինչպես են փոփոխվել արդյունաբերության բաժինների կշիռները։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այս բաժնի կշիռը 17.4 % է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։

Հանքից հանք Հայաստան. Հանքարդյունաբերողները պատասխանատու են իրենց հասցրած վնասի համար

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտակար հանածո: Հայաստանում է աշխարհում մոլիբդենի ընդհանուր պաշարների 5.1%-ը,թեև արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են: Իսկ մոլիբդենը արդյունահանման ընդհանուր ծավալում կազմում է 1%-ից էլ քիչ:

Չնայած հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, սակայն այն զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության և բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման:

Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը վերջին տաս տարիներին ավելացել են շուրջ տասը հազար հեկտարով կամ 30%-ով՝ 2009թ.-ի 29360 հա-ից 2018 թ.-ին դառնալով 38400 հա:

Հանքավայրերը հիմնականում կենտրոնացած են Լոռու մարզում՝ Ալավերդու և Թեղուտի, Սյունիքի մարզում՝ Կապան-Քաջարանի շրջաններում: Իսկ գործող հանքավայրեր կան գրեթե բոլոր մարզերում:

Չնայած տնտեսական օգուտներին՝ հանքարդյունաբերությունը կարող է հանգեցնել նաև երկարաժամկետ անբարենպաստ հետևանքների:

Բաց եղանակով հանքերի շահագործումը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն կենսաբազմազանության, այլև բնակչության բարեկեցության և առողջության վրա: Բաց հանքերի շահագործումն աղտոտում է հողը, ջուրը, օդը, հանգեցնում բույսերի ու կենդանիների վերացմանը տվյալ տարածքում: Իսկ բնակչության մոտ առաջացնում է հիվանդությունների սրացում, հողատարածքների մակերեսի փոքրացում, գյուղական արտադրանքի չափերի նվազում, եկամուտների անկում:

Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումն անտառային տարածքներում, որի վառ օրինակը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի բացումն էր: Մինչ հանքի շահագործումը Թեղուտի մերձակա անտառը Հայաստանում ամենալավ պահպանվածն էր` հարուստ կենսաբազմազանությամբ:

2018թ. հունվարի դրությամբ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից սկսած, հատվել է շուրջ 223.2 հա, տնկվել` 562 հա անտառ, որից 31 հա-ը՝ այգի: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. կազմել է 61%:

Հանքարդյունաբերական և լեռնահարստացման գործարանների մյուս տագնապալից խնդիրը պոչամբարներն են: Հանրապետության շատ շրջաններում պոչամբարների արտահոսքերից հողի և ջրի աղտոտվածությունը զգալիորեն գերազանցում է թույլատրելի չափերը:

Հայաստանում պոչամբարների շահագործման և նախագծման հետ կապված մի շարք խնդիրներ կան:

Հիմնականն այն է, որ պոչամբարները կառուցված են վերընթաց բարձրացման նախագծով, այն էլ այնպիսի սեյսմավտանգ երկրում, ինչպիսին Հայաստանն է: Իսկ միջազգային փորձն անընդունելի է համարում սեյսմավտանգ անկայուն տարածքում նման ձևով պոչամբարների կառուցումը, քանի որ փլուզման վտանգը շատ մեծ է: Վառ օրինակ է կրկին Թեղուտի հանքի պոչամբարը: Այն կառուցված է 8 բալանոց սեյսմիկ գոտում՝ վերընթաց բարձրացման նախագծով: Չնայած հատակում երեսպատված է, սակայն աղտոտող ջրերը կարող են արտահոսել վերին՝ չերեսպատված մասից և խառնվել ստորերկրյա ջրերին:

Ըստ հաշվարկների՝ 1 լիտր աղտոտված ջրի հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է շուրջ 30 000-80 000 ԱՄՆ դոլար, իսկ 1 հեկտար հողը ներթափանցող ջրերից մաքրելու համար՝ 50 000-200 000 ԱՄՆ դոլար:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ հանքարդյունահանումից հետո ապահովվի պոչամբարների փակումը: Իսկ անցյալից մնացած պոչամբարների դեպքում անհրաժեշտ է գնահատել ռիսկը և վերամշակել կուտակումները: Այս մոտեցումներից ոչ մեկն այսօր Հայաստանում չի գերակայում: Ավելին, հանքավայրի փակման և վերամշակման աշխատանքների համար 2019թ. առաջին կեսի դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը կազմել է 1.7 մլրդ դրամ, որը բավարար չէ այժմ գործող առավել խոշոր պոչամբարների վերականգնման համար:

Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան