մայրենի

Լեոնիդ Ենգիբարյան: Մանրապատումներ

downloadՀովանոցը

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

Աղջկան, որ թռչել գիտե

Դու մի վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետեվ դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտե՞ս ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի՜ ծիծաղիր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:

Պարզ ճշմարտություն:

Գունդը ափի մեջ

Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում:

Նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում. հաստատում եմ՝ հատկապես դա սովորելը դժվար է ու բարդ:

Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թևերը, և աչքերն արյունով կլցվեն…

Այս ամենն, իհարկե, ծանր է և, այնուամենայնիվ, վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ և հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մայրենի

Հոսեյն Փանահի

Կան բառեր` սիրտ են դողացնում.
հայրենիք:
Կան բառեր` սեպ են խրում.
դու:
Կան բառեր` հնչելուց հետո ուզում ես սիգարետ վառել.
արդարություն:
Կան բառեր` մեծ են իրենց իմաստից.
մահ:
Կան բառեր` փոքր են իրենց իմաստից.
սեր:
Կան բառեր` կասկած ու հույս են ծնում.
հանդիպում:
Կան բառեր` օձի պոչից ավելի դառն են.
բարև…
Մոնա Սաջադիփուր

Ապրեցինք
ու շատ լուրջ ընդունեցինք
այս սիրուն ներկայացումը.
թատրոնը կյանք դարձավ,
կանքը՝ թատրոն:

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան