Կիթառի Նախագիծ

Կիթառի 4 երաժիշտները և նվագախմբերը

1. Վլադիմիր Վիսոցկի

Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկի (ռուս.՝ Владимир Семёнович Высоцкий, հունվարի 25, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ — հուլիսի 25, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանաստեղծ, թատրոնի և կինոյի դերասան, երգերի հեղինակ (բարդ), արձակ ստեղծագործությունների և սցենարների հեղինակ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմում Ժեգլովի կերպարի ստեղծման և հեղինակային երգերի կատարման համար, 1987, հետմահու), Ռուսաստանի ՆԳՆ մրցանակի դափնեկիր։

Որպես բանաստեղծ՝ Վլադիմիր Վիսոցկին հանդես է եկել առաջին հերթին հեղինակային երգի ժանրում։ Նրա գրած ստեղծագործություններից առաջինները վերաբերում են 1960-ական թվականների սկզբին։ Սկզբում դրանք կատարվել են ընկերների շրջապատում, ավելի ուշ լայն ճանաչում են ստացել երկրում տարածված մագնիտոֆոնային ձայնագրությունների շնորհիվ։ Վիսոցկու պոեզիան աչքի է ընկնում թեմաների բազմազանությամբ (փողոցային, ճամբարային, ռազմական, երգիծական, կենցաղային, հեքիաթային, «մարզական» երգեր), իմաստային ենթատեքստի սրությամբ և սոցիալ-բարոյական շեշտադրմամբ։ Նրա ստեղծագործություններում, որոնք պատմում են էքստրեմալ հանգամանքների մեջ հայտնված մարդկանց ներքին ընտրության մասին, երևում էին էկզիստենցիալ մոտիվներ։ Վիսոցկու ստեղծագործական էվոլյուցիան անցել է մի քանի փուլ․ նրա վաղ ստեղծագործություններում գերակշռում են փողոցային և բակային երգերը, 1960-ականների կեսերից ստեղծագործությունների թեմատիկան սկսել է ընդլայնվել, իսկ երգերի շարքերը՝ ստանալ նոր «ռուսական կյանքի հանրագիտարանի» տեսք։ 1970-ական թվականներին Վիսոցկու ստեղծագործության զգալի մասը կազմել են դավանաբանական-փիլիսոփայական բնույթի երգերն ու բանաստեղծությունները, բանաստեղծը հաճախ է անդրադարձել գոյության հավերժական հարցերին։

1960 թվականին ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան ավարտած Վիսոցկու թատերական կենսագրությունը հիմնականում կապված է Տագանկայի թատրոնում աշխատելու հետ, որի բեմում դերասանը խաղացել է Գալիլեյի («Գալիլեյի կյանքը», 1966), Խլոպուշայի («Պուգաչով», 1967), Համլետի («Համլետ», 1971), Լոպախինի («Բալի այգին», 1975), Սվիդրիգայլովի («Ոճիր և պատիժ», 1979) դերերը։

Վիսոցկու նորամուտը կինոյում կայացել է 1959 թվականին, երբ նա էպիզոդիկ դեր է կատարել «Հասակակիցներ» ֆիլմում։ Կինեմատոգրաֆիայում աշխատելու տարիներին դերասանը նկարահանվել է ավելի քան քսանհինգ ֆիլմում։ Վիսոցկու կինոկենսագրությունը ներառում է ընդհատակային Բրոդսկու («Ինտերվենցիա», 1968), կենդանաբան ֆոն Կորենի («Վատ լավ մարդը» (ռուս.՝ «Плохой хороший человек»), 1973), կապիտան Ժեգլովի («Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (ռուս.՝ «Место встречи изменить нельзя»), 1979), Դոն Ժուանի («Փոքր ողբերգություններ», 1979) և այլ դերեր։ Ուսումնասիրողները նշել են, որ Վիսոցկու բեմական և էկրանային աշխատանքներում էքսպրեսիվությունը համադրվել է հոգեբանական արժանահավատության հետ։ Մի շարք ներկայացումներում, ինչպես նաև գեղարվեստական ֆիլմերում, հեռուստա — և ռադիոներկայացումներում նա հանդես է եկել նաև որպես երգերի հեղինակ։

Վիսոցկու կենդանության օրոք նրա երգերը Խորհրդային Միությունում պաշտոնական ճանաչում չեն ստացել։ 1968 թվականին մամուլում ծավալվել է նրա երաժշտա-բանաստեղծական ստեղծագործության վատաբանման արշավ։ Մինչև 1981 թվականը խորհրդային ոչ մի հրատարակչություն չի հրատարակել նրա ստեղծագործությունները։ Գրաքննության սահմանափակումները մասնակիորեն հանվել են միայն Վիսոցկու մահվանից հետո, երբ լույս է տեսել նրա չափածո ստեղծագործությունների «Նյարդ» (ռուս.՝ «Нерв») ժողովածուն (կազմող՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկի)։ Այնուամենայնիվ, Վիսոցկու բանաստեղծությունների և երգերի, ինչպես նաև նրան նվիրված ամսագրային հոդվածների հրատարակության գրաքննչական վերահսկողությունը շարունակել է գործել ընդհուպ մինչև վերակառուցում։ Նրա ստեղծագործության օրինականացումն սկսվել է Խորհրդային Միությունում 1986 թվականին, երբ ԽՍՀՄ գրողների միությանը կից ստեղծվել է Վիսոցկու գրական ժառանգության հանձնաժողով։ 1980-ականների երկրորդ կեսից սկսվել է բանաստեղծի ստեղծագործությունների գրքերի և հավաքածուների լույսընծայումը, ծավալվել է հետազոտական աշխատանք՝ նվիրված նրա ստեղծագործությանը։ Ըստ որոշ գնահատականների՝ Վիսոցկին, որը զբաղեցնում է կենտրոնական դիրքերից մեկը 20-րդ դարի ռուսական մշակույթի պատմության մեջ, «ուժեղ ազդեցություն է ունեցել իր ժամանակակիցների և հաջորդ սերունդների հայացքների ձևավորման վրա»։

2. Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Լևոնի Հախվերդյան (դեկտեմբերի 3, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, հասարակական գործիչ, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր։

Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հայտնի լեզվաբան, թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի և բանասեր, թատերագետ, թարգմանիչ Սոնա Այունցի ընտանիքում։

Ռուբեն Հախվերդյանը 1958-1966 թվականներին սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետ տեղափոխվել Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց։

1967 թվականին տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոց, նույն թվականին վերադարձել թիվ 114 դպրոց։

1959 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, սակայն այն չի ավարտել։

Հախվերդյանը 1968-1969 թվականներին սովորել և ավարտել է Վահան Տերյանի անվան թիվ 3 հեռակա միջնակարգ ինտերնացիոնալ դպրոցի հայկական բաժինը։ Նույն տարիներին, ուսմանը զուգընթաց աշխատել է Հայկական Հեռուստատեսությունում։

Ռուբեն Հախվերդյանը 1969-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971 թվականին 2-ամսյա պրակտիկա է անցել Մոսկվայի Սատիրայի թատրոնում՝ Մարկ Զախարովի մոտ։

Նա 1980 թվականի հունիսի 7-ին ամուսնացել է Նունուֆար (Նանա) Մինասյանի հետ, ունեն երկու աղջիկ՝ Սոնա (1981 թ., նոյեմբերի 27), Անուշ (1994 թ., մայիսի 17) և մեկ տղա՝ Արամ (1984 թ., նոյեմբերի 25)։

1968-1989 թվականներին աշխատել է հայկական հեռուստատեսությունում, սկզբում որպես ռեժիսորի օգնական, ապա՝ ռեժիսոր։

  • Առաջին հեռուստաբեմադրությունն է Ի․ Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975 թ., հայկական առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը»
  • Շվարցի «Վիշապը»
  • Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։

Պիեսներ է բեմադրել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հրանտ Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։

1985 թ. Փարիզում թողարկվել է Հախվերդյանի “Սիրո և հույսի երգեր” ձայնասկավառակը։ 1989 թվականին Պրահայում հրատարակվել է հեղինակային երգի խորհրդային ներկայացուցիչների ստեղծագործությունների «Ատլանտներն են պահում երկինքը» ժողովածուն, որում ընդգրկված է նաև Ռուբեն Հախվերդյանը՝ երկու լուսանկարով և երեք երգով։ 1989 թվականին թողել է աշխատանքը հեռուստատեսությունում և հանդես է գալիս որպես ազատ ստեղծագործող։

Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985 թ., Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում, Գերմանիայում և այլուր։

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նա ունի ինչպես երգերի մանկական շարք, այնպես էլ երիտասարդների և մեծահասակների համար։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում և Արցախում։ Նա մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում։

1991 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի Երիտասարդական պալատի մեծ դահլիճում կայացել է հեռուստատեսային մարաթոն «Օգնություն Ռուբեն Հախվերդյանին»՝ երգչի առողջության վերականգնմանն օժանդակելու նպատակով։ 1992 թվականի հունվարի 9-ին իշխանությունների միջնորդությամբ վիրահատվել է Փարիզում։

  • 1988-1989 թվականներին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» ֆիլմում
  • 2009 թվականին նկարահանվել է Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ» ֆիլմում
  • Ռուբեն Հախվերդյանը 1998 թվականի մայիսի 26-ին, ազգային մշակույթի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։
  • 2006 թվականին, ծննդյան 55- ամյակի առթիվ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։
  • 2008 թվականին «0-100 տարեկան երեխաներին» ձայնասկավառակը արժանացել է Թեքեյան մշակութային միության «Արա և Մարալ» ամենամյա մրցանակաբաշխության մանկապատանեկան լավագույն ստեղծագործության համար մրցանակին։

3․ Բամբիռ

«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում։ Խմբի անդամներն էին Գագիկ “Ջագ” Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), և Թաթուլ Եղիազարյանը (ջութակ)։ Խումբը 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին (Բելառուս) ստացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակը։ 2002 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարս (վոկալ, կիթառ), Արիկ Գրիգորյան (վոկալ, ֆլեյտա), Արման Քոչարյան (բաս-կիթառ), և Աշոտ Կորգանյան (հարվածային գործիքներ), և արդեն հաջորդ տարի շրջագայության մեկնում ԱՄՆ։

2003 թվականին «Բամբիռը» արժանացավ Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխութան կողմից Լավագույն ռոք-խումբ մրցանակի։ 2004-ին «Բամբիռը» ներկայացրեց «Սալաօ» ռոք-օպերան՝ ըստ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» պատմվածքի։ Նույն թվականին Բամբիռը, առաջինը հայկական ռոք-խմբերից, մի շարք համերգներով ելույթ են ունենում Իրանում։ 2007-ին Աշոտը լքում է խումբը, և թմբկահարի տեղը խմբում զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին “That’s fine with us” երգով, և զբաղեցնում երրորդ տեղը։

2011 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ առաջին սերնդի «Բամբիռ» խմբի «Armenian scotch» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում զետեղված են խմբի առաջին և երկրորդ սերնդի 30-ամյա գործունեության ընթացքում ստեղծած աշխատանքները։ Ալբոմը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 140 և շոտլանդացի հանրահայտ բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին։ Ձայներիզում տեղ են գտել նաև երկու բանաստեղծների ստեղծագործությունները, 18 երգերից 17-ի երաժշտությունը տարբեր տարիներին գրել է Գագիկ Բարսեղյանը (Ջագ)։ Ըստ Գագիկ Բարսեղյանի, երգաշարը կարծես մի բեմախաղ լինի և այդ բեմախաղը անուն ունի՝ Հայ-շոտլանդական, կամ պարզապես “Armenian scotch”։

Ձայնագրությունը կատարվել է «Նարեկացի» արվեստի միության ստուդիայում, իսկ տպագրվել է ԱՄՆ-ում։

4․ Լավ Էլի

Լավ Էլի, հայկական ալտերնատիվ ռոք-խումբ։ Կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում։ Խումբը հիմնել են Մհեր Մանուկյանը և Snack խմբից Գոռ Մխիթարյանը։ Հետագայում խմբին միացել են նաև Վահե Տերտերյանը և Դավիթ Գրիգորյանը՝ Ալք խմբից։ Այս կազմով մեկ տարի անց խումբը ձայնագրել է իր՝ «Առաջին ԼԱՎ Ալբոմ» ձայներիզը։ Ալբոմում տեղ են գտել 21 երգեր՝ 11-ը՝ հայերեն, 10-ը՝ անգլերեն։

1999 թվականին թողարկվել է խմբի երկրորդ՝ «Essays» ալբոմը, որի պրոդյուսերը Արտյոմ Այվազյանն է եղել։ Խումբը ճանաչվել է ողջ Հայաստանով, իսկ «Ճամփորդական» և «Գտա քեզ երկնքում» երգերը հիթեր են դարձել։ Դրանից հետո խումբը ժամանակավորապես լքել է Մհեր Մանուկյանը, իսկ Գոռը սկսել է իր մեներգչի կարիերան։ 2001 թվականին խումբը կրկին միավորվել է։

2006 թվականին խումբը թողարկել է «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» հայալեզու ալբոմը։ 2008 թվականից խումբն առանձնապես ակտիվ չէր՝ չհաշված առանձին ելույթները, երբ Գոռ Մխիթարյանն այցելում էր Հայաստան։

2012 թվականի հուլիսին խումբը հայտարարել է համերգային ծրագրերի մասին։ Հուլիսին տեղի են ունեցել բացօթյա համերգներ Երևանում և Վանաձորում։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան