Գրականության գրողների նախագիծ

1. Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ


Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1909

2. Ավետիք Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 17 (29), 1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն — հոկտեմբերի 17, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայբանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», — սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

Ավետիք Իսահակյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում, Երևան

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

3. Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, ապրիլի 18, 1858, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն — օգոստոսի 7, 1935, Կիսլովոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930), Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Շիրվանզադեն, Կոստան Զարյանը և Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», — գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Շիրվանզադեի կիսանդրին համանուն դպրոցի բակում

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ. Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն է թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։

Արտիստը

4. Եղիշե Չարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, մարտի 13 (25), 1897 կամ մարտի 13, 1897, Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն — նոյեմբերի 27, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայբանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1934-ին Չարենցը մասնակցում է ԽՍՀՄ գրողների առաջին համագումարին։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան