Սերգեյ Փարաջանով Նախագիծ

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով.

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից։

Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում։

Կենսագրություն

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Անձնական կյանք

ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ։

1955 թվականին Սերգեյը «Անդրիեշ» ֆիլմն է նկարում՝ ի հիշատակ կնոջ։ Նկարում է և անցնում առաջ:

Ստեղծագործական կյանք

1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

Սվետլանան՝ նոր սեր

Մոսկվայից՝ Կիև: Սվետլանա Շչերբատյուկ, ամուսնություն, որդի՝ Սուրենը, որը  այնքան նման էր ուկրաինուհի մորը, և այնքան նման չէր հայ հորը: Կարծես բոլորը երջանիկ են, բայց…

Փարաջանովի՝ օրեցօր ավելի սուր արտահայտվող տարօրինակությունները տանջում էին ուկրաինուհի կնոջը: Սերգեյի ուտելիքը, օրինակ, պետք է հատուկ դասավորություն ունենար ափսեի մեջ, սեղանի բաժակը՝ նույնպես, նա կարող էր միանգամից 50 մարդ տուն հրավիրել, խնջույքներ կազմակերպել օրուգիշեր, թանկ նվերներ գնել հյուրերի համար, ապա ետ վերցնել… Մի խոսքով դիմանալը դժվար էր, Սվետլանան վերցնում է որդուն և հեռանում 1961 թվականին:


«Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ: Հետո տեսա ամպերը, գեղեցկուհի մորս, լեռները, տաճարը, ծիածանի փայլատակումը, և այդ ամենը մանկության պատշգամբից»: Մի անգամ իր տարեդարձի օրը ռեժիսորը քայլում էր Կիևի փողոցներով ու հանդիպած բոլոր ծանոթներին տուն հրավիրում: Եվ նրանք բոլորը եկան՝ գրեթե 100 մարդ: Իհարկե, բոլորը սենյակում չէին տեղավորվի, բայց հոբելյարը ելքն իր ոճով գտավ: Նա շենքի աստիճանները՝ առաջին հարկից մինչև հինգերորդ գորգերով ծածկեց, որոնց վրա էլ հյուրերը նստեցին: Նրանց հնաոճ սպասք մատուցեցին և բյուրեղապակե բաժակներ: Նա վերելակով անցնում էր հարկերով, կենացներ ասում, իսկ հյուրերը նրա առողջության կենացն էին խմում աստիճաններին նստած:
«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշի հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը»։

 Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ 

 1973թ֊ի դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։  

 Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրաինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպես արտադրամասի հավաքարար։ Նրա սիրտը հիվանդ էր, նա ուներ շաքարախտ և արյուն էր թքում։ Ի վերջո, նրա թոքերը վիրահատեցին։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրեց Պուշկինի դիմանկարը։ 10 տարի անց այդ մասունքը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքերում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերը։


«Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում»

Իր երկրպագուհի Լիլյա Բրիկին, ով այդ ժամանակ գրեթե 80 տարեկան էր, Փարաջանովը մարտի 8֊ի կապակցությամբ ուղարկում է փշալարից և իր սեփական գուլպաներից պատրաստված ծաղկեփունջ։     

Փարաջանովին ազատ արձակեցին սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ՝ Լիլյա Բրիկի ջանքերի շնորհիվ։ Վերջինս ֆրանսիացի գրող Լուի Արագոնին խնդրել էր, որ Փարաջանովի համար բարեխոսի Լեոնիդ Բրեժնևի մոտ։

 Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։ Նա հաճախ էր տեսակցում որդու՝ Սուրենի հետ, ով բնակվում էր Կիևում և սովորում էր ճարտարապետական ինստիտուտում՝ զուգահեռաբար զբաղվելով մանր վաճառքով ու վերավաճառքով։ Սուրենի այս զբաղմունքը հաճախ էր դառնում վեճերի թեմա հոր և որդու միջև։

Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը:

  

 «Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և քեզ կխղճաս, և կյանքդ: Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան»

Փարաջանովը ընկերություն էր անում Վլադիմիր Վիսոցկու հետ: Մի օր երգիչը եկավ ընկերոջը տեսակցելու, ու նա Վիսոցկու պարանոցին արծաթե հաստ շղթայով «նիկոլաևյան» ռուբլի տեսավ: Տեսնելով անպաճույճ զարդը՝ Փարաջանովը ձեռքերը տարածեց և մոտեցավ իր բուֆետին: Նա հանեց ձեռքով պատրաստված մի գեղեցիկ աստղ, որը զարդարված էր մալաքիտով և ադամանդով: «Արդեն չեմ էլ հիշում, թե սա որտեղից է իմ մոտ, բայց կարծում եմ, որ աստղն իր արժանի տեղը գրավեց»,- ասել է Փարաջանովը և թանկարժեք զարդը կախել Վիսոցկու պարանոցից: Զարդը Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևներից մեկն էր:

Անգործությունից հուսահատված՝ Փարաջանովն ուղևորվում է Մոսկվա՝ Տագանկայի թատրոնում Յուրի Լյուբիմովի «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացմանը ներկա գտնվելու համար։ Ներկայացումից հետո նա բեմ է բարձրանում և իր ելույթում խորհրդային իշխանությունը որակում է որպես ֆաշիստական՝ «խոստովանելով», թե իր ապրուստն իբր հոգում է Հռոմի պապի ուղարկած ալմաստների հաշվին։ Իշխանությունները չէին կարող «մարսել» նման արարքը և վրացական կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։ Փարաջանովի դեմ նոր գործ է հարուցվում․ նրան մեղադրում են կաշառք առաջարկելու համար։ Իրականում նա Թբիլիսիի թատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահին նվիրել էր տոհմական ադամանդապատ մատանի։ Այդ ինստիտուտ էր պատրաստվում ընդունվել Փարաջանովի զարմիկը։ Փարաջանովին վերստին դատապարտում են 5 տարվա ազատազրկման, այս անգամ՝ պայմանական։  

 Հայտնի է, որ Փարաջանովը, առաջին անգամ հայտնվելով արտասահմանում՝ Հոլանդիայում, ձեռք է բերում ամենատարբեր իրեր՝ նկարներից մինչև մոմակալներ։ Այդ ողջ «հարստությունը», որը դժվարությամբ էր տեղավորվում երկու վերելակներում, նա սկզբում տեղափոխում է Մոսկվա՝ հետագայում Թբիլիսի տանելու մտադրությամբ։ Սակայն սեփական իրերը տեղափոխելիս թյուրիմացաբար վերցնում է նաև իր տանտերերի որոշ իրերը, ինչը պատճառ է դառնում, որ նրան մեղադրեն ամենաթողության և փառքից երես առնելու համար։  

Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։ 1990թ֊ին նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։

1

Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ։ Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար։ Կուսակցության անդամներից մեկին էի իբրև բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ․․․ Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց։ «Ձեզ մեկ տարին քիչ է, — ասում էին նրանք։ Դուք 5 տարի կստանաք։ Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․» Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում։ Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս։ Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք։ Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում։ Առաջարկում եմ սցենարներս։ Հայֆիլմը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ։ Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում։ Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը։ Թակել եմ բոլոր դռները։ Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում։ Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ։ Արձակուրդն անտանելի է ինձ համար։ Չեմ կարող ապրել առանց աշխատանք։ Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել։ Պետք է հապճեպ հեռանամ այստեղից։ Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ։ Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ։ Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել։ Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ։ Պետք է հեռանամ այստեղից․․․


Այս հարցազրույցին ղեկավարութունն ուշադրություն չդարձրեց։ Փարաջանովը կրկին անգործ էր։ Կարծում էր, եթե համարձակ հարցազրույց տա, ապա նրան կհեղեղեն աշխատանքով, բայց չստացվեց, ոչ էլ Արևմուտք մեկնեց։

Երկրորդ մեղադրանքից հետո

Մեղադրանքից երկու տարի անց Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ։ Դրանից շատ առաջ ռեժիսորը խնդրանքով դիմեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ թույլ տալ Հայաստանում նկարահանել ֆիլմ՝ հիմնված ժողովրդական էպոս Սասունցի Դավթի վրա, սակայն նրա խնդրանքը մերժվեց։ Այդ ժամանակ էլ նա հրավեր ստացավ Վրացֆիլմից։ Արդյունքում հայտնի դերասան Դոդո Աբաշիձեի հետ Փարաջանովը նկարահանեց իր երրորդ հայտնի ֆիլմը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1985 թվականին։ Սակայն ֆիլմի վարձույթը նախկինի պես չափազանց փոքր էր՝ պատճենվեց միայն 57 օրինակ ֆիլմից։ Ֆիլմը չդիտեց նույնիսկ կես միլիոն հանդիսատես։ Հայրենիքի սահմաններից դուրս ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ, մրցանակներ ստացավ Տրոյում, Սիտսեխում, Բեզանսոնում և Սան Պաուլոյում։

Դրսում ֆիլմի ունեցած հաջողությունների շնորհիվ Փարաջանովն առաջին անգամ եղավ արտասահմանում։ 1988 թվականի փետրվարին նա մեկնեց Ռոտերդամ, Հոլանդիա, որտեղ հրավիրել էին աշխարհի 20 լավագույն ռեժիսորներին՝ 21-րդ դարի խոստումնալից ռեժիսորներին։ Փարաջանովն այնտեղ մնաց ընդամենը 3 օր, սակայն շատ բան հասցրեց անել։ Նա գնեց այնքան անպետք իրեր, որ 2 վերելակով մեծ դժվարությամբ բարձրացրին։ Այդ ամբողջը ռեժիսորն այնուհետև բերեց Մոսկվա՝ իր հին ծանոթներից մեկի՝ Քաթայանների բնակարան, որպեսզի այնտեղից հետո տեղափոխի Թբիլիսի։ Սակայն մեկնման օրը, դասավորելով ճամպրուկները և իրերը՝ Փարաջանովը հավաքեց նաև տանտերերի որոշ հազվագյուտ իրեր։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմը։ Վերջին ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում։



Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան